Ստուգումների մասին
1. Հարկային տեսուչների կողմից անցկացվող ստուգումները.
Հարկային տեսուչները ստուգում են իրականացնում Ձեր գործունեության իրականացման վայրում կամ գրասենյակում:

Ստուգման ընթացքում հարկային տեսուչը պարզում է Ձեր ներկայացրած հաշվետվությունների, հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և Ձեր ծավալած գործունեության համապատասխանությունը օրենքների պահանջներին:

Ստուգման նպատակն է պարզել Ձեր կողմից հաշվարկված հարկերի և ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը: 

Մենք ուզում ենք, որ Դուք վճարեք հարկեր այնքան, որքան պետք է վճարեք համաձայն օրենքի` ոչ ավել և ոչ պակաս:
 
2. Ե՞րբ են անցկացվում ստուգումներ.
Դա կախված է հարկ վճարողի ռիսկայնության աստիճանից: Մասնավորապես, Դուք կարող եք հայտնվել ռիսկի գոտում, եթե ներկայացնեք ուշացած կամ ոչ ճշգրիտ հաշվետվություններ, չվճարեք կամ թերի վճարեք օրենքով նախատեսված հարկերը և պարտադիր այլ վճարները կամ կատարեք ուշացած վճարումներ:

Կախված ռիսկայնության աստիճանից, Ձեր մոտ կարող են իրականացվել ստուգումներ հետևյալ հաճախականությամբ`

1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Նշված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ մասնավորապես`
ա. հարկային մարմինը քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն` իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, վնաս հասցնելու վտանգի կամ վտանգի առաջացման մասին,
բ. Ձեր կողմից առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջանում չի ներկայացվել օրենքով սահմանված հաշվետվությունները` առանց այդ հաշվետվությունները ներկայացնելուն խոչընդոտող պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություններ ներկայացնելու,
գ. իրականացվում են ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ,
դ. յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում Ձեր մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ:

Նշված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար: 

3. Ստուգումների անցկացման մասին ծանուցումը.
Ստուգումն սկսելուց առաջ մեր կողմից ստուգում իրականացնելու մասին տրվում է հրաման կամ հանձնարարագիր, որը Ձեզ կտեղեկացնի հետևյալի մասին`
  • ստուգումների իրավաբանական հիմքը,
  • ստուգումն իրականացնող անձանի պաշտոնը, անուն, ազգանունը,
  • ստուգման նպատակը, ժամկետը,
  • ստուգման հարցերը: 
Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ` ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների:

Դուք պարտավոր եք ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված եք ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող տեսուչին:

4. Որքա՞ն է տևում մեկ ստուգումը.
Տեսուչներն ապահովում են ստուգումների բարձր արդյունավետությամբ և պատշաճ մակարդակով իրականացումը: Տեսուչները կատարում են օրենքով իրենց վրա դրված պարտականությունները` որքան հնարավոր է ավելի քիչ անհանգստություն պատճառելով Ձեզ, միաժամանակ` ստուգումների ընթացքում չմիջամտելով Ձեր ընթացիկ տնտեսական գործունեությանը:

Կախված ստուգման հարցերից կամ հարկ վճարողի գործունեության առանձնհատկություններից մեկ ստուգումը կարող է տևել ընդամենը մի քանի ժամ, իսկ մեծ իրացման շրջանառություններ կամ համախառն եկամուտ հայտարարագրած սուբյեկտների դեպքում` ավելի երկար ժամանակ: Սովորական իրավիճակներում ստուգումը 15 աշխատանքային օրվանից ավելի երկար չի տևում, սակայն անհրաժեշտության դեպքում ՊԵԿ նախագահը կարող է հրամանի կամ հանձնարարագրում նշված ստուգման ժամկետը ևս 10 օրով, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օրով երկարացնել:

Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):

5. Ինչպե՞ս է ընթանում ստուգումը
Ստուգման ժամանակ հարկային տեսուչը`
  • Ուսումնասիրում է Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունների և դրանց կազմման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվառման փաստաթղթերի արժանահավատությունը` հաշվի առնելով Ձեր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված հաշվառման առանձնահատկությունները,
  • այցելի ստուգման նպատակին առնչվող Ձեր արտադրական և այլ տարածքները,
  • տեղեկացնի Ձեզ գերավճարների, ինչպես նաև չկատարված հարկային պարտավորությունների մասին:
Ստուգման վերջում հարկային տեսուչը`
  • Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: 
  • Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: 
  • Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:
  • Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:
  • Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում տեսուչը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: 
  • Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում տեսուչը ուսումնասիրում է դրանք և առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին և կազմում դրա անբաժանելի մասը: 
  • Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:
Ակտում նշվում են`

1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը,
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը,
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը,
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը,
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը,
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը,
8) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել,
9) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը,
10) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում են համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը: 

Կան մի շարք քայլեր, որոնք պետք է կատարվեն ձեր կողմից ստուգման պրոցեսը հեշտացնելու համար: Դրանք են`
  • նախապես հարկային տեսչությանը տեղեկացնել Ձեր գործունեության հիմնական փոփոխությունների վերաբերյալ: Ցանկալի է, որ այդ մասին գրավոր տեղեկացվի հարկային տեսչությանը,
  • փաստաթղթավորել Ձեր գործունեության ընթացիկ արդյունքները,
  • հարկային մարմիններին տրամադրեք պահանջված տեղեկատվությունն ու բացատրությունները,
  • ստուգող տեսուչից հարցնեք ցանկացած կասկած հարուցող հարցի մասին, որն առնչվում է հարկերի հետ,
  • ստուգողը սովորաբար ժամանակ չի ունենում վերանայել ձեր փաստաթղթերի և գործունեության բոլոր ասպեկտները, այսպիսով դուք չեք կարող ենթադրել, որ դուք ճիշտ եք հաշվարկել հարկը կամ տուրքը ամեն ինչի վերաբերյալ` պարզապես ելնելով այն բանից, որ սխալներ չեն հայտնաբերվել: Այդ իսկ պատճառով ձեր շահերից է բխում հարցեր տալ անորոշությունների վերաբերյալ:
6. Որո՞նք են իմ իրավունքները որպես հարկ վճարող
Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձիք ունեն հետևյալ իրավունքները.
  • արգելել ստուգումը, հարկային տեսուչներին փաստաթղթեր տրամադրելը, եթե տեսուչները խախտել են ստուգումների անցկացման կարգը և ժամկետները` այդ մասին նույն օրը ծանուցելով ստուգում իրականացնող հարկային մարմնին,
  • ծանոթանալ ստուգումների ակտերին,
  • ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները,
  • պահանջել հարկային տեսուչների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում,
  • չկատարել հարկային տեսուչների իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջներ,
  • ստուգվող տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ապահովել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների մասնակցությունը: 
7. Որո՞նք են իմ պարտականությունները որպես հարկ վճարող
Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձիք ունեն հետևյալ պարտականութունները.
  • չխոչընդոտել ստուգումների ընթացքը, կատարել հարկային տեսուչի օրինական պահանջները,
  • հարկային տեսուչի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենման ծախսերը կատարվում են ստուգումն իրկանացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ,
  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ հարկային տեսուչի գործունեության համար,
  • սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին: 
8. Որո՞նք են հարկային տեսուչների պարտականությունները
Հարկային տեսուչների պարտականություններն են.
  • պահպանել ստուգման հետ առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները,
  • առանց տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները տնտեսվարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրան առնչվող ցանկացած այլ տեղեկատվություն,
  • պահպանել տնտեսվարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքները և շահերը,
  • չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի բնականոն աշխատանքին,
  • իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնել տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց,
  • ստուգման ընթացքում բացառապես հիմնվել ՀՀ պաշտոնական տեղեկագրում և ՀՀ գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում հրապարակված օրենքների և այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ,
  • ստուգման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` անմիջականորեն տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման: 
9. Որո՞նք են հարկային տեսուչների իրավունքները
Հարկային տեսուչներն ունեն հետևյալ իրավունքները.
  • տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ,
  • պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակներին,
  • անհրաժեշտության դեպքում ստուգման ընթացքում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ գործ ունենալ միայն տնտեսվարող սուբյեկտի մասնագետների հետ,
  • սահմանել ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն,
  • վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսվարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: 
Փաստաթղթերը վերցնելիս հարկային տեսուչները հարկային մարմնի կնիքով կնքում են դրանց կրկնօրինկները և հանձնում տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչներին,
  • իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող և նմանատիպ այլ սարքերի և սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ,
  • ստուգվող տնտեսվարող սուբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացնել գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց` միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ,
  • ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և հաշվարկների գույքագրումներ: Գույքագրում կատարելիս աշխատել տնտսվարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների հետ անհրաժեշտության դեպքում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող, հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պահանջել ստուգվող սուբյեկտի գործարքների հաշիվների շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ: 
10. Ի՞նչ կարգով են բողոքարկվում հարկային տեսուչների գործողությունները
Չնայած մեր նպատակն է մշտապես ապահովել բարձր մակարդակով ծառայություն, երբեմն ամեն ինչ չէ, որ կարող է սահուն ընթանալ: Այդպիսի դեպքերում մենք ունենք ներքին ընթացակարգեր բողոքներն արդար և արագ կարգավորելու համար: Հնարավորության դեպքում ձեր կողմից բարձրացված բողոքը կարող եք լուծել անմիջականորեն մեր պաշտոնյաների հետ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա`
  • Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան: 
  • Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: 
  • Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան: