12.07.2011
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Գործուղման նպատակը`

Տեղեկատվական հոսքերի կառավարման, հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ստանալու, մշակելու և օգտագործելու, հարկ վճարողների սպասարկման, կամերալ ստուգումների անցկացման, ստուգումների նախապատրաստման և կազմակերպման, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման գործող ընթացակարգերի ու համակարգչային ծրագրավորման համար համապատասխան տեխնիկական առաջադրանքների ՌԴ փորձի ուսումնասիրություն և ՀՀ-ում դրանց օգտագործման հնարավորությունների գնահատում:

Քննարկված թեմաները`

- Ռուսաստանի հարկային համակարգի ընդհանուր նկարագիր,
- Հսկողական աշխատանքների կազմակերպում, այդ թվում` կամերալ ստուգումներ և հարկ վճարողի մոտ ստուգումներ,
- Հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների կազմակերպում,
- Միջգերատեսչական համագործակցություն,
- Էլեկտրոնային տեսքով հաշվետվությունների ներկայացում,
- Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգի ներդրում,
- Տվյալների մշակման միասնական կենտրոնի աշխատանքների ուսումնասիրություն,
- Համակարգչային ծրագրերի մշակման գիտահետազոտական կենտրոնի աշխատանքների հետ ծանոթացում,
- Մոսկվայի տարածքային N46 հարկային տեսչության աշխատանքների հետ ծանոթացում:

Հանդիպումները, ելույթները և քննարկված հարցերը`

Պատվիրակության համար ՌԴ ԴՀԾ-ն հաստատել էր առանձին աշխատանքային ծրագիր: Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել հուլիսի 12-ին և 14-ին` ՌԴ ԴՀԾ ղեկավար Մ. Միշուստինի հետ, հուլիսի 12-ին և 13-ին` ՌԴ ԴՀԾ պետի տեղակալ Ե. Կոզլովայի հետ, հուլիսի 14-ին և 15-ին ՌԴ ԴՀԾ պետի տեղակալ Ա. Պետրուշինի, հուլիսի 15-ին ՌԴ ԴՀԾ տվյալների մշակման կենտրոնի և հուլիսի 16-ին` ՌԴ ՀԴԾ-ի համակարգչային ծրագրերի գիտահետազոտական կենտրոնի ղեկավարների, ինչպես նաև համապատասխան վարչությունների և բաժինների պետերի հետ:

Աշխատանքները կազմակերպվել են ԴՀԾ կենտրոնական ապարատում, ինչպես նաև անմիջապես վերը նշված կենտրոններում և մեկ տարածքային հարկային տեսչությունում: Թեմաները նախապես համաձայնեցվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ և ներկայացվում էին ստորաբաժանումներ ղեկավարների ու փորձագետների կողմից: Ներկայացումներն ուղեկցվում էին հարց ու պատասխաններով, ՀՀ-ում գործող ընթացակարգերի համադրմամբ:

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել վերը նշված թեմաների շուրջ ՌԴ համապատասխան օրենսդրական փաստաթղթերը, տեխնիկականառաջադրանքները և գործող համակարգչային ծրագրերի օրինակները`էլեկտրոնային կրիչներով:

Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները` եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները`

ՌԴ հարկային համակարգը բարդ ու ծավալուն, եռաստիճան համակարգ է` բաղկացած ոլորտային խոշոր ՀՏ-ներից (թվով`9), խոշոր հարկ վճարողների միջտերիտորիալ տեսչություններից և շուրջ 1200 հարկային տեսչություններից:
ՌԴ գործող հարկային վարչարարության փորձից, ՀՀ-ում կիրառման առումով, քննարկման ենթակա է հատկապես հարկային հսկողության ձևերի փորձը: ՌԴ-ում ներդրված է հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգ, համաձայն որի հաստատված ռիսկային չափորոշիչներին բավարարող սուբյեկտները ենթակա են ստուգման: Ընդ որում, այդ ստուգումներն իրականացվում են կամ հարկային տեսչությունների գրասենյակներում (կամերալ ստուգումներ), կամ, անհրաժեշտության դեպքում` հարկ վճարողների մոտ: Արդյունքում` 2000 թվականից սկսած, ստուգումների թիվը 13.5 մլն-ից նվազել է` 2009 թվականին կազմելով 86 հազ.: Ըստ էության, հարկային հսկողության ծանրության կենտրոնը սովորական ստուգումներից տեղափոխվել է կամերալ ստուգումներ: Վերջինս իրականացվում է բացառապես համակարգչային ծրագրի միջոցով, որը մշակված է կամերալ ստուգումների անցկացման ընթացակարգի հիման վրա:

ՀՀ-ի համար կիրառելի կարող են լինել ինչպես այդ ընթացակարգը, այնպես էլ ռիսկերի կառավարման ՌԴ գործող փորձը: Այդ նպատակով ձեռք են բերվել նաև հարկ վճարողի մոտ ստուգումների ընթացակարգը, ռիսկային չափորոշիչները: ՌԴ-ում գործող համակարգչային ծրագիրը թույլ է տալիս կամերալ հսկողության տակ ընդգրկել հարկ վճարողների գրեթե 100 տոկոսը: Երեք փուլով վեր են հանվում հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունները և հարկային մարմնում հարկ վճարողների մասով առկա անհամապատասխանությունները և դրանց մասին իրազեկում են հարկ վճարողին:

Ընդհանրապես, հարկ վճարողներին տրամադրվող ծանուցագրերը և տեղեկությունները հսկայածավալ են և դրա վրա ծախսվում են շատ մեծ ֆինանսական և աշխատանքային ռեսուրսներ: Հարկ վճարողներին ծանուցումներից հետո հարկային մարմինն իրավունք ունի նրանցից պահանջելու համապատասխան հիմնավորումներ, որոնք հարկատուն կարող է ներկայացնել կամ չներկայացնել: Չներկայացնելու դեպքում հարկային մարմինը դիմում է հսկողության երկրորդ` հարկ վճարողի մոտ ստուգման մեթոդին:

Փորձի փոխանակման առումով կարևոր է ՌԴ-ում գործող միջգերատեսչական համագործակցությունը: Հարկային մարմինն ունի գործող 40 միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք ապահովում են տեղեկությունների տրամադրում, փոխանակում կամ օգտագործում: Այդ տեղեկությունների գերակշիռ մասը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, հիմնականում` ռեգիոնալ մակարդակով, մասամբ` նախարարությունների, գրատեսչությունների մակարդակով: Մեր կողմից ձեռք են բերվել վերը նշված 40 համաձայնագրերի կրկնօրինակները, ինչպես նաև տարբեր մակարդակներում տեղեկություններ ստանալու և տրամադրելու գործող փորձը:

Ուսանելի է ՌԴ փորձը հարկ վճարողներին մատուցվող ծառայություների առումով: ՌԴ-ում գործում է հարկ վճարողներին մատուցվող ծառայություների միասնական ստանդարտ, որը տեղադրված է ՌԴ ԴՀԾ-ի պաշտոնական կայքում: Այդ ծառայություններից են նաև բիզնեսի գրանցման և ՀՎՀՀ-ների շնորհման
ծառայությունները, որը ՌԴ-ում իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով ՌԴ ԴՀԾ-ի կողմից: Ընդհանրապես հարկ վճարողներին մատուցվող ծառայություների վրա ՌԴ-ում կենտրոնացված են բավականին մեծ աշխատանքային, նյութատեխնիկական ռեսուրսներ:

ՌԴ-ն, Ֆրանսիայի օրինակով, արդեն մի քանի տարի է սկսել է կիրառել հարկային վեճերի նախադատարանական կարգավորման ինստիտուտը: 2006 թվականից ներդրված համակարգում ներկայումս ընդգրկված են շուրջ 5000 աշխատողներ (իրավաբաններ), որոնց հիմնական խնդիրն է բոլոր հարկային վեճերը փորձել լուծել առանց դատարանների միջամտության: Արդյունքում` 3 տարիների ընթացքում էականորեն կրճատվել է արբիտրաժներում քննարկվող դատական վեճերի քանակը և բարձրացվել է ապառքների գանձման մակարդակը:

ՌԴ-ում էլեկտրոնային եղանակով հաշվետվություները սկսել են կիրառել դեռ 1992 թվականից և ներկայումս բոլոր հարկային հաշվետվություների 58 %-ը ստացվում են էլեկտրոնային եղանակով (միայն 13-14 մլրդ. հաշիվ-ապրանքագրեր): Պարտադիր անցում բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանը ՌԴ-ում չի նախատեսվում: Ներդրված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերը ուղղակի կփոխարինեն թղթայինը: Հաշիվ-ապրանքագրերի երկու կողմերը պարտադիր պետք է գործեն նույն դաշտում` կամ երկուսն էլ էլեկտրոնային, կամ երկուսն էլ թղթային:

Ծրագիրը փորձարկվել է 2009թ., տևողությունը կազմել է 6 ամիս, մասնակցել են պիլոտային 4 տեսչություն, 4 կազմակերպություններ և տվյալների փոխանակումը ապահովող 1 օպերատոր: Հետագա փորձարկումների և ներդրման հարցը դեռևս քննարկումների փուլում է: Դեռևս լուծված չէ տվյալների պահպանման հարցը, որի պատասխանատվությունը մնում է հարկ վճարողի վրա: Առանց ցանցի /offline/ հաշիվ- ապրանքագրերի դուրս գրման համակարգի կիրառում նախատեսված չէ:

ՌԴ-ում էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ընդունումն իրականացվել է և այդպես էլ շարունակվում է` օգտագործելով սկանավորման աշխատատար և նյութատար մեխանիզմը: Էլեկտրոնային հաշվետվությունները հարկ վճարողից դեպի հարկային տեսչություններ ուղարկվում են մասնավոր կազմակերպությունների` օպերատորների միջոցով: Ներկայումս առկա են մոտ 20 փոխանցման տեխնոլոգիաներ /համակարգեր/, որոնց հիման վրա գործում են մոտ 200 կազմակերպություններ: Մեկ օպերատորը օրեկան սպասարկում է միջինում 80-100 հաճախորդ: 2007թ-ից էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ
ներկայացնելը պարտադիր է 250 և ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունների համար: ՀՀ-ում <<Հարկատու 3>> ծրագրի շրջանակներում նախատեսված է հաշվետվությունների ընդունումը հարկ վճարողներից էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը հնարավորություն կտա ազատվել սկանավորումից և, ըստ էության, կրճատել աշխատանքների մի հսկայածավալ փուլ:

Ուսանելի է ՌԴ-ի` կազմակերպություններին էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման փորձը, համաձայն որի հարկային մարմինն ունի կնքված համաձայնագիր համապատասխան օպերատորի հետ: Էլեկտրոնային ստորագրությունները տրամադրվում են կրիչով, որպես կանոն դա <<e_token>> է: Ընդ որում, ՌԴ-ում նախատեսված է ըստ երկրի նախագահի ծրագրի 2015թ-ին ապահովել <<Էլեկտրոնային պետություն>> ծրագիրը և այդ ծրագրի շրջանակներում ԴՀԾ-ն ՌԴ-ում համարվում է օրինակելի: Մեր կողմից ձեռք են բերվել այդ օպերատորի տվյալները, աշխատանքի փորձը, և, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ՀՀ-ում ևս օգտագործել էլեկտրոնային  ստորագրությունների հավաստագրման ռուսաստանյան փորձը:

Ներկայումս Հայաստանում հարկ վճարողների կողմից ստացվող բոլոր տվյալները և տեղեկությունները մշակվում են հարկային տեսչությունների համապատասխան բաժինների կողմից: Առաջիկայում սպասվում է այդ տեղեկությունների հոսքի մեծացում, և, հատկապես, էլեկտրոնային եղանակով դրանց ստացում և մշակում: Առաջիկայում օպտիմալ լուծումներ գտնելու առումով օգտակար է ՌԴ-ի փորձը հետևյալ 2 խնդիրների լուծման ոլորտում`
- ՌԴ-ում միլիարդավոր տեղեկատվական հոսքերի պայմաններում գործում են տվյալների կենտրոնացված մշակման 5 կենտրոններ, որոնք ծածկում են բյուջեի եկամուտների ավելի քան 80 %-ը ապահովող հարկային տարածքները:

- Էլեկտրոնային տեղեկությունների մշակումը և արխիվացումը իրականացվում է հզոր սերվերների միջոցով, որոնց աշխատանքային ռեժիմը, դրանց անվտանգության ապահովումը, աշխատանքի արդյունավետությունը, արագագործությունը և նման այլ ցուցանիշներ ապահովվում են ժամանակակից սերվերային տնտեսության միջոցով: ՀՀ-ում այդպիսի տնտեսություն, ըստ էության, չի գործում, և ՌԴ-ի օրինակով անհրաժեշտ կլինի աստիճանաբար հիմնել և պահպանել այդպիսի տնտեսություն:

ՀՀ-ում ուսումնասիրված է հարկային բնագավառում համակարգչային ծրագրավորման փորձը: ՌԴ-ի համապատասխան փորձը վկայում է, թե պետությունն ինչպես է կարևորում հարկային վարչարարությունը ավտոմոտացնող ծառայության դերը: Այդ նպատակով հարկային ծառայությունը 15 տարուց ավելի համագործակցում է հատուկ մասնագիտացված ծրագրային ուղղվածություն ունեցող կազմակերպության հետ, որն էլ ամբողջությամբ իրականացնում է և պատասխանատու է ավտոմատացման ենթակա վարչարարական ընթացակարգերի տեխնիկական առաջադրանքների, համակարգչային ծրագրերի մշակման, դրանց թեստավորման, փորձարկման և ներդրման համար: Կազմակերպությունը կոչվում է <<Գիտահետազոտական հաշվողական գլխավոր կենտրոն>>: Կենտրոնը պատվերը ստանում է ՌԴ ԴՀԾ-ից (մրցույթների հիման վրա) և իրականացնում է ողջ ՌԴ հարկային համակարգի ավտոմատացման աշխատանքները: Տեղեկատվական բազաները գտնվում են տարածքային հարկային տեսչությունում, կենտրոնական բազան հավաքագրվում է տարբեր ժամկետներում, կախված տեղեկատվության բովանդակությունից /ամենօրյա, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան/: Տվյալների հավաքագրման համար կիրառվում են տարբեր տեղնոլոգիաներ, օրինակ WEBservice, ֆայլեր, կրիչներ: ՊԳՀՀԿ-ի կողմից իրականացվում է հատուկ օպերատորների կողմից կազմված համակարգչային ծրագրերի սերտիֆիկացում, որը ուժի մեջ 1 տարվա ընթացքում:

Տվյալների մշակման կենտրոնը հանդիսանում է առանձնացված ստորաբաժանում, իրականացնում է տվյալների հավաքագրում, փոխանակում, հարցումների պատասխանների տրամադրում, տվյալների մուտքագրում ինչպես նաև տարատեսակ տեղեկատվական ծառայությունների մատուցում: Տեսչությունների և կենտրոնի միջև մեկ շաբաթվա ընթացքում փոխանակվում է հետևյալ ծավաների տեղեկատվություն` 160 GB դաշնային մակարդակ -> տարածքներ, և 71GB տարածքներ -> դաշնային մակարդակ: Տեղեկատվական բազաների ծավալները կազմում են 23TB հիմնական տվյալներ և 70TB ընդհանուր տվյալներ: Տվյալներից օգտվում են մոտ 40000 օգտվողներ, եռամսյակի ընթացքում սպասարկվում է 80 մլն հարցումներ: Տվյալների փոխանցման համար համակարգի ներսում օգտագործվում են VPN կապուղիներ կամ ներքին համակարգչային ցանցեր: Կենտրոնը իրականացնում է նաև թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների մուտքագրում: Այդ նպատակով օգտագործվում է հատուկ ծրագրային համակարգ, որը կատարում է ձևի նախնական ընթերցում (scan) և մուտքագրող օպերատորին <<հուշում>> է մուտքագրվող դաշտերի արժեքները:

Երրորդ անձանց տեղեկատվությունը լրամշակվում է, նույնականացվում և բեռնվում է տեղեկատվական բազա Տվյալների մշակման կենտրոնում: Լրամշակված տեղեկատվությունը նախատեսված է միայն ներքին օգտագործման համար և չի տրամադրվում այլ մարմիններին: ՌԴ-ում Ֆիզիկական անձանց գույքային հարկերը վերահսկվում են հարկային ծառայության կողմից: Այդ գործառույթի շրջանակներում Տվյալների մշակման կենտրոնը տպագրում է ծանուցումներ, որոնք տեղադրվում են ծրարների մեջ և հանձնվում փոստ: Ամեն ծանուցում ունի չկրկնվող համար:

Ուսումնասիրվել է ՌԴ-ում աշխատանքի արդյունքների դիմաց պարգևատրման համակարգը, որը օգտակար կարող է հանդիսանալ ՀՀ-ում բյուջետային համակարգով նախատեսված պարգևատրումների դեպքում համապատասխան պարգևատրական մեխանիզմ նախատեսելու ժամանակ: ՌԴ ԴՀԾ-ից ձեռք բերված ծավալուն նյութերը նախատեսված է ս.թ. հուլիսի 21-ին ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և ղեկավար աշխատողներին, իսկ թղթային, հատկապես, էլեկտրոնային ծավալուն նյութերը տրամադրել ՊԵԿ էլեկտրոնային կառավարման նպատակով ստեղծված 18 աշխատանքային խմբերի ղեկավարներին:

Աշխատանքային խմբերն ուսումնասիրելով տրամադրված նյութերը և առաջարկությունները` կարող են համապատասխան փոփոխություններ կատարել իրենց աշխատանքային ծրագրերում: Այցը հնարավորություն տվեց նաև ամրապնդել ՌԴ հարկային ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ գործող կապերը: