16.10.2012
ՊԵԿ-ն աննախադեպ մրցույթ է հայտարարել` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար. Վերլուծողական կարողությունները` աշխատանքի ընդունման հիմնական նախապայման
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ հարկային և մաքսային համակարգերի ավտոմատացման, էլեկտրոնայնացմանը  զուգահեռ, այսօր անհրաժեշտություն  են   դառնում նաև կադրային, կառուցվածքային բարեփոխումները, աշխատաժամանակի և աշխատատեղերի արդյունավետ բաշխածվածության խնդիրը. «Այս առումով լուրջ միջոցառումներ  են անցկացվել նաև այս տարի, մասնավորապես առաջին եռամսյակում Երևանի  հարկային տեսչությունների օպտիմալացման արդյունքում կրճատվել են 3 հարկային տեսչություններ: Արդյունքում 125 հարկային ծառայողներ, ովքեր չեն համապատասխանել կոմիտեի պահանջներին, համաձայն աշխատանքային օրենսգրքի, ազատվել են աշխատանքից: Իսկ երկրոդ եռամսյակում տարածքային հարկային 4 տեսչություններ են վերակազմակերպվել, արդյունքում 133 հարկային ծառայողներ  ազատվել են աշխատանքից»:

Նոր հարկային ծառայողներ ընտրելիս կոմիտեն առաջնորդվում է 3 հիմնական չափանիշներով. մասնագիտական բարձր պատրաստվածություն,  համակարգչային հմտություններ և վերլուծական կարողությունների առկայություն: «Մեր անձնակազմը պետք է պատրաստ լինի և կարողանա վերլուծություններ կատարել ըստ ոլորտների, վեր հանել ռիսկերը, ինչի հիման վրա էլ կիրականացվեն հսկողական գործառույթները»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

Համակարգը բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացի շրջանակում  ՊԵԿ-ն այսօր աննախադեպ մրցույթ է հայտարարում` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար, հիմնականում տնտեսագիտական, հաշվապահական և իրավաբանական մասնագիտություններով:  Ի դեպ, թափուր աշխատատեղերի զգալի մասը բաժին  է ընկնում մարզերին: Իսկ մրցույթին մասնակցողներն առաջիկա 25 օրերին կարող են արդեն իսկ  հայտ ներկայացնել ՊԵԿ անձնակազմի կառավարման  վարչություն:  Որպես ՊԵԿ ատեստացիոն և մրցութային հանձնաժողովի նախագահ, Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույնները: 

Միաժամանակ շարունակվում է ՊԵԿ աշխատակիցների վերապատրաստման գործընթացը. այս տարի 800 տեսուչ արդեն իսկ ընդգրկված է ուսումնական գործընթացներում: